Արդյունավետ գործունեության ընթացքում հնարավոր է եղել խնայել շուրջ 387 մլն դրամ. ԱԺ նախագահ
2019 թվականին ԱԺ աշխատակազմի ավելի արդյունավետ գործունեության ընթացքում հնարավոր է եղել խնայել շուրջ 387 մլն դրամ: Այս մասին այսօր խորհրդարանում տարեվերջյան ընդունելության ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ զգալի մասը հնարավոր է եղել ուղղել աշխատակազմի և պատգամավորների պարգևատրմանը: «Սա կարևոր եմ համարում, որովհետև հեղափոխությունից և խորհրդարանական ընտրություններից հետո մեր առաջ դրվել են բոլորովին այլ խնդիրներ և՛ ծավալի, և՛ բարդության առումով»,- նշեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ԶԼՄ-ների հետ աշխատանքներին Արարատ Միրզոյանն ասաց, որ երբեմն արդարացիորեն, երբեմն անարդարացիորեն իրենք արժանացել են ինչպես խրախուսանքի ու գովասանքի, այնպես էլ՝ լուրջ քննադատության:
«Երկուսի համար էլ շնորհակալ եմ», - նշեց ԱԺ նախագահը։