«Անցակետում մարդկանց հոսքը պայմանավորված է Իրանից թռիչքների չեղարկմամբ». Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս
Իրան–Հայաստան սահմանի «Ագարակ» անցակետում մարդկանց հոսքը բնական է, պայմանավորված է Իրանից թռիչքների չեղարկմամբ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ նշելով, որ պարբերաբար այցելում է անցակետ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին և հնարավոր խնդիրների դեպքում արագ լուծումներ գտնելու։
«Շաբաթական 20 թռիչք կա դեպի Երևան և հակառակ ուղղությամբ, բնականաբար, այդ թռիչքների բացակայության դեպքում մարդիկ պետք է այս սահմանով անցնեն։ Ուզում եմ շեշտել, որ Հայաստան եկող քաղաքացիները փոխստականի կարգավիճակ չունեն։ Նրանք գալիս են Հայաստան, որովհետև Իրանից թռիչքները չեղարկվել են, իսկ իրենք դեպի այլ երկիր թռիչք ունեին»,–հավելեց նա։
Գլխավոր հյուպատոսը նշեց, որ Իրանից եկած քաղաքացիների թվում չեն եղել մարդիկ, որոնք դիմել են հյուպատոսություն որևէ աջակցության ակնկալիքով։
«Հայաստան մուտք գործողները հիմնականում նրանք են, որոնք գնում են Երևան և օդանավակայան, որպեսզի իրենց թռիչքներին հասնեն։ Մենք Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ միայն կազմակերպել ենք, որ ավտոբուսներ և մեքենաներ լինեն, որոնցով նրանք անցակետից Երևան կգնան հարմար գնով»,–ասաց նա՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Իրանից եկած քաղաքացիների մեծ մասի համար Հայաստանը տարանցիկ երկիր է այլ երկիր մեկնելու համար։
Մորթեզա Վարամինը նշեց, որ ավտոբուսները Իրանից ժամանած բոլոր քաղաքացիներին ցածր արժեքով կհասցնեն Երևան և օդանավակայան։
Լրագրողի հարցին՝ իշխանությունների հետ համագործակցու՞մ են, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան որպես փախստական Հայաստան եկած քաղաքացիներին աջակցել, Վարամինը պատասխանեց. «Երեկ հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ, նրանք նույնպես նման հարց տվեցին, ես ասացի, որ մինչ այս պահը փախստականի անվան տակ որևէ քաղաքացի Իրանից Հայաստան չի եկել։
Ես պատրաստակամություն եմ հայտնում ԶԼՄ ներկայացուցիչներին անձամբ ուղեկցել Թավրիզ, որպեսզի ցույց տամ, որ սահմանին ամենամոտը գտնվող քաղաքում մարդիկ իրենց առօրյա կյանքով են ապրում։ Բնականաբար, եթե անհրաժեշտություն լինի, վստահ եմ, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը կաջակցեն մեզ, ինչպես մենք ենք նրանց աջակցել»։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Իրան–Իսրայել հակամարտության սրմամբ պայմանավորված Հայաստանում մտահոգություններ կան, որ Ադրբեջանը, առիթից օգտվելով, կփորձի ուժով ստանալով «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոսը արձագանքեց. «Բազմիցս ասել, որ հավատացած եմ, որ ոչինչ չի պատահի։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ հայտնել է իր դիրքորոշումը, իր «կարմիր գիծը» սահմանների հետ առնչվող։ Ներկա իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն թողնելու նրանց խոսքի և որոշման վրա»։