Անահիտ Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵԽ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրերի կարևոր դերը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
Զրուցակիցները քննարկել են ԵԽ աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագիրը, Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի (SOPs) մշակման նախաձեռնությունները, մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում իրականացվող միջոցառումները, նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։
Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերն ընդգծել է Պաշտպանի հաստատության կարևոր առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նշելով, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կնպաստի ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարմանը։
Հանդիպման ավարտին երկուստեք բարձր է գնահատվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա արդյունավետ գործընկերությունը՝ նախանշելով փոխգործակցությունն ընդլայնելու նոր հնարավորություններ։