Ամենասուր ռիսկային տարիքային գոտում գտնվող վարակված չկա․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների 78%-ն ընդհանրապես ջերմություն չունի, թոքաբորբով հիվանդ է 194 հոգուց 14-ը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր հաստատված դեպքերի 78%-ն ընդհանրապես չունի ջերմություն: 37-38 աստիճան ջերմություն ունեն 18%-ը, 38-39 աստիճան ջերմություն ունեն 3%-ը, 39 աստիճանից բարձր ջերմություն ունի մեր հիվանդների ընդամենը 1%-ը: Թոքաբորբով հիվանդ 14 մարդ ունենք, նրանցից 6-ն ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, բայց այս պահին նրանց վիճակը, նույնպես, համարվում է կառավարելի»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև նշեց, որ ամենասուր ռիսկային տարիքային գոտում գտնվող վարակված չկա:
«65-ից բարձր տարիքային խմբի 9 հոգի հիվանդ ունենք, 70-ից բարձր՝ 3 հոգի հիվանդ, 80-ից բարձր՝ հիվանդ չունենք: Սա նշանակում է, որ ամենասուր ռիսկային գոտուց հիվանդ չունենք»,- նշեց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ պետք է առավելագույնն արվի տարեցներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու համար, և այդ ուղղությամբ կառավարությունը ձեռնարկում է քայլեր։ Ըստ այդմ՝ կենսաթոշակները կբաժանվեն առձեռն։
Նրա խոսքով՝ աշխարհում չկա երկիր, որը կարողանա խուսափել կորոնավիրուսի վարակից։ «Տասնյակ երկրներ արձանագրել են մահվան դեպքեր։ Աշխարհը դեռ անորոշությունների մեջ է՝ ինչպես պայքարել կորոնավիրուսի դեմ։ Աշխարհում չկա մի երկիր, որ կարող է ասել՝ պատրաստ էր կորոնավիրուսի դեմ պայքարին կամ գիտի պայքարի ձևը կամ ինչքան է շարունակվելու այս համաճարակը։
Կան կանխատեսումներ, որ այն տևելու է մեկ-մեկուկես տարի։ Կարևոր է իմանալ՝ տաք եղանակը որքան է ազդում կորոնավիրուսի վերացման վրա, դա, իհարկե, հիպոթեզ է, ապացուցված չէ, բայց սպասում ենք նաև այդ անորոշության հստակեցմանը>,- ընդգծեց վարչապետը։