երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը սնանկացել է. «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը սնանկացել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ օրաթերթը բաց աղբյուրներից պարզեց, որ 2025 թվականի հունվարի 24-ին «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան՝ ընդդեմ «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի՝ պահանջելով, որ դատարանը սնանկ ճանաչի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն:

Իսկ ում է պատկանում «Եվրոասֆալտ»-ը: Խիստ կասկածելի է, բայց այս ընկերությունը, ըստ փաստաթղթերի, ունի 2 բաժնետեր՝ Սվետլանա Պողոսյան եւ Լուսիկ Գեւորգյան (վերջինս գրանցված է Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում): Ասֆալտբետոնի արտադրությամբ զբաղվող այս ընկերությունում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել է 2021-ի մարտից: Ըստ մամուլի՝ Կառլեն Սիմոնյանը «Եվրոասֆալտ»-ում որպես տնօրեն գրանցվելիս ու հետադարձ կապի միջոց ներկայացնելիս նշել է [email protected] էլեկտրոնային հասցեն։ Այսինքն՝ կապ ունի նաեւ այդ ընկերության հետ: Տեղեկացնենք, որ «Թի էս քնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019-ին, բաժնետերը Երեւանում գրանցված Մարիետա Ավագյանն է, որի միակ ընկերությունն է այս «քոնսթրաքշնը»: Linkedin սոցիալական ցանցում Կառլեն Սիմոնյանը նշել է, որ «Թի էս քնսթրաքշն»-ի փոխտնօրենն է։ Այս ընկերությունը զբաղվում է բետոնի արտադրությամբ, որի ստուգումը, կազմակերպումն ու մատակարարումը անցկացվում է իր լաբորատորիայում։ «Թի էս քնսթրաքշն»-ն ունի 21 տեխնիկա ու 30 մասնագետ, իսկ բետոնխառնիչ մեքենաները Mercedes-Benz Actros մակնիշի են, որոնց շուկայական գինը տատանվում է 60-70 հազար դոլարի միջակայքում։ Ունի երկու տասնյակից ավելի աշխատակից:

Իսկ ինչ խոշոր գումարներ են փոխանցվել պետությունից Ալեն Սիմոնյանի եղբոր տնօրինած ընկերությանը: 2021-ի հունիսի 17-ին հրատապ բաց մրցույթի ընթացակարգով «Եվրոասֆալտ»-ը 368 միլիոն դրամի պայմանագիր է կնքել ՏԿԵ նախարարության հետ՝ Շիրակի մարզի Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը վերանորոգելու համար: Այնուհետեւ, մեկ այլ պայմանագրով 287.5 միլիոն դրամով Ապարան քաղաքի եւ հարակից բնակավայրերի ավտոճանապարհներն է նորոգել:

Արդեն 2023-ին նույն նախարարության հետ, դարձյալ առանց մրցույթի, 79 մլն դրամի նոր համաձայնագիր է կնքել Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Ու երբ լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին «Եվրոասֆալտ» ընկերությանը, 2023-ին սեփականատերեր կանայք որոշեցին ԱԺ նախագահի եղբորը ազատել աշխատանքից՝ տնօրեն նշանակելով Լիլիա Հովհաննիսյանին: Ընկերության ներսում կատարված այս «իշխանափոխությունից» հետո «Եվրոասֆալտի» գործերը կտրուկ վատացան:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ միլիարդավոր դրամների տենդերներ շահած «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի դեմ տարատեսակ հայցերով՝ ֆիզանձերից մինչեւ բանկերին փոխկապակցված կազմակերպություններ եւ ապահովագրական ընկերություններ են մտել դատարան։

«Արինս Կապիտալ»-ը, «Ռոգո ինշուրանս»-ը, «Արգիշտի 2»-ը, «Վիկան»-ը, «Բետոնագործ»-ը, «Սեւակ Բոյաջյան»-ը «Եվրոասֆալտի» գործով դատարան են դիմել:

Եվ հիմա թեեւ փաստաթղթերով ԱԺ նախագահի եղբայր Կառլեն Սիմոնյանը այլեւս կապ չունի «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ի հետ, սակայն նրա հեռանալուց հետո «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ատ Քոմփանի» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել սնանկության դատարան, գործը մակագրվել է դատավոր Ինգա Բարսեղյանին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: