ԱԱԾ աշխատակցի հետ հանդիպումից հետո անհետ կորածների ծնողները բացեցին Բաղրամյանի պողոտան
Անհետ կորած զինծառայողների հարազատները բացել են Բաղրամյան պողոտան 3 օր փակ պահելուց հետո. նրանք այս պահին դադարեցնում են բողոքի ակցիան:
«Հանդիպել ենք ԱԱԾ-ի աշխատակից Դավիթ Սանամյանի հետ, մեր հարցերը բարձրաձայնեցինք, ունեցանք քննարկում, որոշեցինք գնալ կոմպրոմիսի։ Առայժմ կդադարեցնենք մեր ակցիան, երթևեկությունը կվերականգնվի, առաջիկայում մեզ խոստացել են հանդիպում»,-լրատվամիջոցների հետ զրույցում նշել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ արդեն երկու օր է, որ Բաղրամյան պողոտան փակ է։ Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հետ վերադարձնել ԱԱԾ պաշտոնանկ արված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։ Այժմ նրանք մտավախություն ունեն, որ իրենց որդիների հարցը օրակարգից ընդհանրապես դուրս կգա։