Անվտանգության վրա ծախսվելիք 1,5 մլրդ դոլարը պետք է գոյանա գողացված միջոցների վերադարձից․Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ժամանակ խոստացել է՝ 5 տարում անվտանգության վրա պետք է 2․5 միլիարդ դոլարի հավելյալ միջոցներ ծախսվեն։
«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հայտարարություն, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 միլիարդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես Զինված ուժերի մարտունակության և սպառազինության մակարդակը բարձրացնելու համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ 2,5 միլիարդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում՝ գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով:
«Հիմա հարց, արդյո՞ք այս պահի դրությամբ ինձ գոհացնում և բավարարում են այն ծավալները, մասշտաբները որոնցով մենք այս խնդիրը լուծել ենք, այո՛, աննախադեպ հաջողություններ ունենք: Մասնավորապես, այս տարի Հատուկ քննչական ծառայությունը վերականգնել է 7 անգամ ավելի շատ գումար, քան հատուկ քննչական ծառայության գոյության ողջ ընթացքում, իսկ այն գոյություն ունի արդեն 11 տարի: Սա ցուցանիշ է, որը չի կարելի չընդունել, չգնահատել, բայց մյուս կողմից մեր սահմանած նշաձողերն ավելի բարձր են, և մենք մեր հակակոռուպցիոն համակարգերի բարելավման, օրենսդրության կատարելագործման միջոցով պետք է այս միջոցը դարձնենք ավելի արդյունավետ, որովհետև մենք բոլորս գիտենք, որ դրա պոտենցիալը կա»,-ընդգծեց վարչապետը։