շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան

«Ընդամենը 5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ․ սա նոր իրողություն է, լրիվ այլ առողջապահական համակարգ»,- ողջունելով «Հայաստանի սրտաբանների ասոցիացիա»-ի 15-րդ ազգային վեհաժողովի մասնակիցներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ բժշկական օգնության ու սպասարկման հասանելիության ընդլայմանը զուգահեռ անհրաժեշտ է ապահովել մասնագիտական կարողությունների բարելավման անընդհատությունը:

Նախարարն այդ առումով կարևորել է այսօրինակ միջոցառումները` ընդգծելով սրտաբանության աշխարհի քարտեզում հայ մասնագետների ունեցած դերը։

Սրտաբանության ոլորտի արդիական խնդիրները, նորագույն մոտեցումներն ու միջազգային փորձը քառօրա վեհաժողովին քննարկելու են եկել առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ Եվրոպական երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից, ինչպես նաև սրտաբաններ, թերապևտներ և ընտանեկան բժիշկներ հայաստանյան բժշկական կենտրոններից:
Համաժողովին տեսակապով միացել էր նաև Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Սեսիլիա Լինդեն, ով ողջունեց հայ սրտաբաններին, որից հետո հանդես եկավ գիտական զեկույցով։

Վեհաժողովին խոսելով ոլորտում մեր ձեռքբերումների մասին՝ նշվել է, որ Հայաստանում նվազել է սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացության ցուցանիշը. այն այժմ կազմում է 3,1% և համապատասխանում է եվրոպական ցուցանիշներին։

Սա պետական ծրագրերի արդյունքն է. փաստում են մասնագետներն ու հավելում` մեկ միլիոն բնակչի հաշվով Հայաստանում արված ստենտավորման քանակով ու բուժսարքավորումների հագեցվածությամբ մեր երկիրը եվրոպական երկրների շարքում առաջատարներից է։

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի 30-ամյակի կապակցությամբ ասոցիացիայի ոսկե մեդալով են պարգևատրվել անվանի սրտաբաններ-էնդովասկուլյար վիրաբույժներ , ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը (Ռուսաստան) և Ալեք Վահանյանը (Ֆրանսիա)։
Վեհաժողովն աշխատանքները կշարունակի մինչև հունիսի 14-ը։

  • Կիսվել: