երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է. ՔԿ

Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունը, նրա ծառայակցի վերաբերյալ մեղադրանքով, ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2023 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 10:50-ի սահմաններում, զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Նազարյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, և ժամը 13:15-ին, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի՝ հրազենային մահացու մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն զորամասի զինծառայող Գ.Ե.-ն, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, գտնվելով մարտական դիրքի կացարանում, վերցրել է նշված զորամասի մեկ այլ զինծառայողին ամրակցված ԱԿՄՆ տեսակի ինքնաձիգը, դրա վրա ամրացրել փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ, լիցքավորել և փողն ուղղել ծառայակից Նարեկ Նազարյանի ուղղությամբ:

Այդ կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև, որի ժամանակ, Գ.Ե.-ն, սեփական անձի առավելությունն ընդգծելու շարժառիթով, կրակոց է արձակել և Ն. Նազարյանին գլխի շրջանում պատճառել հրազենային գնդակային, միջանցիկ գանգուղեղային վնասվածք:

Ստացած վնասվածքից վերջինս մահացել է զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: Ձեռք բերված փաստերի հիման վրա նշված զինծառայողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասով:

Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: