Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել 240-ից ավելի անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են. Նահապետյան
Հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ մենք ունեցել ենք 115 քրեական վարույթ, որոնցով քրեական հետապնդումներ են հարուցել 240-ից ավելի անձանց նկատմամբ: Նրանցից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Հիմնական հետապնդումները վերաբերում են ընտրակաշառք տալուն և ստանալուն, ինչպես նաև բարեգործության արգելքի խախտման դեպքերին:
«Հաշվի առնելով այն, որ կոմիտեն իրականում խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարի հարցում, մենք նաև գնում ենք ավելի խիստ դատական հարկադրանքի միջոցների, այսինքն՝ հիմնական դեպքերում մենք ընտրակաշառք տվող և ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանման միջոց կիրառելու. դա կարող է լինել կալանքի կամ տնային կալանքի միջնորդություն ներկայացնելով դատարան»,- ասաց նա:
Արթուր Նահապետյանը նաև տեղեկացրեց, որ կոմիտեի ներկայացրած խափանման միջոցների միջնորդությունների գրեթե 90 տոկոսը բավարարվել է դատարանների կողմից, 10-ի դեպքում է, որ դատարանները նախաքննական մարմնի հետ չեն համաձայնել, կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ, կամ չի հաստատվել հիմնավոր կասկածը:


