Վանաձորի Երկաթուղայինների այգուց մինչև Ալավերդու ճոպանուղի․ Դատախազն այցելել է վերադարձված գույքերի տարածքներ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային երկօրյա այցի ընթացքում, 2026 թվականի օգոստոսի 19-ին, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի և Լոռու մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, շրջել է Վանաձոր և Ալավերդի համայնքների այն տարածքներում, որտեղ դատախազական ներգործության կամ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի բավարարման արդյունքում՝ անշարժ գույքեր են վերադարձվել համայնքին կամ դրանք համայնքին վերադարձնելու իրավական գործընթացն սկսված է:
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան (Երկաթուղայինների) այգին, որտեղ, դատախազական ներգործության արդյունքում, համայնքի տիրապետմանն է վերադարձվել 11 հողատարածք՝ 3426,85 քմ մակերեսով:
Մարզի դատախազը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է Դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականից այգու կապակցությամբ սկսված ուսումնասիրության նախապատմությունը՝ նշելով, որ աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Լոռու մարզպետի գրության հիման վրա:
«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վանաձոր համայնքի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու հողատարածքները 2000-ական թվականների սկզբներին կնքված պայմանագրերով վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման իրավունքով տրվել են ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարձակալների կողմից, ի թիվս այլնի, չեն կատարվել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները (բարեկարգման, ինչպես նաև վարձավճարների մուծման), ինչի արդյունքում այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում»,- նշել է Մովսես Անտոնյանն ու հավելել, որ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում 2026 թվականի հունվարի 26-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ 22 ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքված 26 հողատարածքների վարձակալության, անհատույց օգտագործման և կառուցապատման պայմանագրերը լուծելու նպատակով: Մարզի դատախազի տեղեկացմամբ՝ 2026 թվականի հունիսի 23-ի դրությամբ Վանաձոր համայնքի կողմից խզվել են ընդհանուր 6625,09 քմ մակերեսով 15 հողատարածքների վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրեր, որոնցից կադաստրային գրանցում են ստացել 11-ը՝ 3426,85 քմ մակերեսով: Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:
Միաժամանակ, Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այգու տարածքում գտնվող և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա 1000 քմ մակերեսով հողատարածքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարվել է: Դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզպետի և մարզի դատախազի հետ շրջել է նաև Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայով, որտեղ Կառավարության համաֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների, այդ թվում՝ մայթերի և կանգառների, ամբողջական հիմնանորոգման աշխատանքներ:
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի՝ Դատախազություն հասցեագրված գրության հիման վրա՝ Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայի ընդհանուր օգտագործման տարածքների՝ վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի իրավաչափությունը։ Մովսես Անտոնյանի տեղեկացմամբ, ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքների առանձին հատվածներ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրված են մի շարք քաղաքացիների և իրավաբանական անձանց, վարձակալության պայմանագրերում առկա են խախտումներ: Դատախազի կողմից 2026 թվականի օգոստոսի 14-ին միջնորդագիր է հասցեագրվել Վանաձորի համայնքապետարան՝ պայմանագրերը լուծելու (դադարեցնելու) հարցը քննարկելու նպատակով:
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզպետ Արեն Մկրտչյանի և մարզի դատախազ Մովսես Անտոնյանի հետ այցելել է նաև Ալավերդի համայնքում գտնվող մարզադաշտի և ճոպանուղու տարածք:
Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թբիլիսյան խճուղի (ներկայում՝ Թումանյան փողոց 16) հասցեում գտնվող՝ 12000 քմ մակերեսով մարզադաշտի օտարման գործընթացի իրավաչափությունը։ Դատախազության կողմից հայտնաբերված խախտումների հիմքով՝ 2026 թվականի ապրիլի 28-ին հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թումանյան փողոց 16 հասցեում գտնվող՝ 12000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով. հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Գլխավոր դատախազի մարզային այցի հաջորդ կանգառը եղել է Լոռու մարզի Ալավերդի համայնքում գտնվող ճոպանուղու տարածքը:
Լոռու մարզի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող՝ 2530 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող ճոպանուղու օտարման գործընթացի իրավաչափությունը։ «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի թիվ 1032-Ն որոշմամբ հաստատված՝ Ալավերդու գլխավոր հատակագծի համաձայն՝ ճոպանուղու զբաղեցրած տարածքը նախատեսված է որպես «հատուկ պահպանվող տարածք»: Հետևաբար, դասվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ օտարման ոչ ենթակա հողերի շարքին։ Լոռու մարզի դատախազությունը 2026 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ հողամասի նկատմամբ ՓԲ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։ 2026 թվականի հուլիսի 15-ին Լոռու մարզի դատախազության և Կադաստրի կոմիտեի՝ որպես կողմերի, և ՓԲ ընկերության՝ որպես երրորդ անձի, միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որի համաձայն՝ ՓԲ ընկերությունը պարտավորվել է Ալավերդի համայնքին հանձնել Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ամբողջ անշարժ գույքը: Հաշտության համաձայնությունը 2026 թվականի հուլիսի 17-ին ներկայացվել է Վարչական դատարանի հաստատմանը»,- տեղեկացրել է մարզի դատախազ Մովսես Անտոնյանը։
Մարզպետի հրավերով՝ ՀՀ գլխավոր դատախազն այցելել է նաև Ալավերդի համայնքի քաղաքային լճի տարածք, որտեղ ներկայում բարեկարգման աշխատանքներ են իրականացվում
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի օտարված գույքերը Լոռու մարզի համայնքներին վերադարձնելու վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել մարզի դատախազին, սահմանել է կատարման ժամկետներ:



