Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք
Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտների կողմից դրանք օգտագործվում են պայմանագրերի խախտումներով ու ոչ նպատակային: Արդյունքում՝ այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ վերոնշյալ 22 սուբյեկտների հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը լուծելու նպատակով:
Միջնորդագրի արդյունքում՝ 2026 թվականի հունիսի 25-ին դադարեցվել է այգու տարածքում գտնվող՝ 150 քմ մակերեսով, 1 միլիոն 577 հազար դրամ արժեքով հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի վարձակալության իրավունքը. հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը:
Դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել այգում գտնվող ևս 1389,7 քմ ընդհանուր մակերեսով հողատարածք, որոնց շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 35 միլիոն 133 հազար դրամ է:
Մյուս պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:



