հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Արդարադատության նախարարը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում

Արդարադատության նախարարը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀԷՑ–ի պետականացման մեջ որևէ խնդիր չի տեսնում։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրեց, որ քաղաքացիները դժգոհ են ՀԷՑ–ի աշխատանքից։ Դիտարկմանը, որ դժգոհ են նաև «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքից, չբացառեց, որ այս հարցով էլ կարող են քննարկումներ ծավալվել։
 
««Վեոլիա ջրի» հետ կապված այլ լուծումներ ևս կարող են քննարկվել, ես հիմա չեմ կարող այս մասին խոսել»,– ասաց Սրբուհի Գալյանը։
 
Նախարարի խոսքով՝ ՀԷՑ–ի աշխատանքներից դժգոհությունները եղել են ավելի վաղ, քան Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունները։ Վստահեցրեց՝ խնդիրների լուծման հրահանգներն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից եղել են ավելի վաղ։ Սրբուհի Գալյանը վստահ է՝ գործարար Սամվել Կարապետյանի հայտարարություններն են հաջորդել ՀԷՑ–ի հետ կապված խնդիրների լուծման հանձնարարականին։
 
«Գուցե՞ այդ հայտարարությունները, որոնք արվել են համապատասխան անձանց կողմից, պայմանավորված են հենց այդ խնդիրների քննարկմամբ և հանձնարարականներով, որոնք տրվել են այդ խնդիրը լուծելու համար։ Ես գիտեմ և ասում եմ՝ այո»,– շարունակեց Գալյանը։
Իսկ որքանով է իրավաչափ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սպառնալը քաղաքացիներին աշխատանքից հեռացնել, եթե մասնակցեն ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ցույցերին։
«Որևէ մեկը չի կարող սպառնալ ազատ կամքի իրացման հետ կապված, եթե այդ կամքն իրապես ազատ է։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պարտադրաբար, ոչ թե կամավոր կերպով հավաքներին մասնակցելու դեպքում կարող է ունենալ որոշակի հետևանքներ»,– նշեց Գալյանը։

  • Կիսվել: