շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներին, ովքեր դրանք իրացրել են  տելեգրամյան կայքէջերի միջոցով

Շիրակի մարզում ոստիկանները հայտնաբերել են մոտ 70 հատ տարբեր տեսակի թմրամիջոցներ տեղադրող երիտասարդներին, ովքեր դրանք իրացրել են տելեգրամյան կայքէջերի միջոցով

Սեպտեմբերի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Ախուրյանի խճուղի 21 հասցեի դիմացից Գեղարքունիքի մարզի բնակիչներ 30-ամյա Ղուկաս Ա․-ին՝ իր վարած «Mercedes» մակնիշի  ավտոմեքենայով և ուղևոր 22-ամյա Ռուբեն Հ․-ին ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ վերջիններիս անձնական խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ ավտոմեքենան տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժնի պահպանվող տարածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունում Ռուբեն Հ․-ն և Ղուկաս Ա․-ն հայտնել են, որ նույն օրը թմրանյութերի վաճառքով զբաղվող «OKM» կայքէջից առաջարկ ստանալով, Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում տեղադրել են կարմիր, դեղին և կանաչ կպչուն ժապավեններով փաթեթավորված մոտ 70 հատ 0,5-ից 10 գ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրանյութով լցված փաթեթներ, ապակյա տարաներով լցված «Հաշիշ» թմրանյութի յուղեր, «Ճիշտ» «Քաջ Նազար» և «Գիքոր» տելեգրամյան կայքեջերի միջոցով իրացնելու նպատակով, որոնց  տեղադրման վայրերը նկարել են իրենց բջջային հեռախոսներով, սակայն չեն հասցրել պատվիրատու կայքին ուղարկել: Հայտնել են նաև, որ նշված փաթեթներից և յուղերից ավտոմեքենայում նույնպես առկա են, իսկ յուրաքանչյուր տեղադրված փաթեթի համար պատվիրատուն իրենց պետք է վճարեր 9 ԱՄՆ դոլար գումար:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Ռուբեն Հ․-ի և Ղուկաս Ա․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: