Շենգավիթի նախկին թաղապետին մեղադրանք է առաջադրվել
Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել յուրացում կատարելու փաստով։ Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ Քննչական կոմիետի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը։
Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նշենք, որ Արմեն Սարգսյանը պետությանը պատճառած վնասը փոխհատուցել է։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության ձեռք բերած փաստական տվյալների, Արմեն Սարգսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլար՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։
Արմեն Սարգսյանը Ռուսաստանից Հայաստան տեղափոխել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը, հաշվառելով իր վարորդի անվամբ, յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։ Հարուցվել է քրեական գործ։