երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սերժ Սարգսյանի քննիչն ու դատախազը բացասական եզրակացություն են ստացել. «Հրապարակ»

Սերժ Սարգսյանի քննիչն ու դատախազը բացասական եզրակացություն են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեկ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար պայքարող 5 թեկնածուների բարեվարքության եզրակացությունները հանձնել է, որից 2-ինը եղել է բացասական, 3-ինը՝ դրական։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, որը մրցույթի հանձնաժողովի կազմում է, հրաժարվում է հայտնել՝ ովքեր են բացասական եզրակացություն ստացած անձինք, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից եւս հրաժարվեցին անուններ տալ։ Մրցույթով հետաքրքրված անձանցից մեկը մեզ հայտնեց՝ բացասական եզրակացություն ստացել է նախկին դատախազ Կարեն Բատիկյանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Արտաշես Մաիլյանը, որը քննել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար, հիշեցնենք, 5 անձ է պայքարում՝ Արթուր Նահապետյանը, Գեւորգ Քոչարյանը, Պետրոս Մարտիրոսյանը, Կարեն Բատիկյանը եւ Արտաշես Մաիլյանը։ Այս եզրակացությունից հետո, ամենայն հավանակությամբ, վերջին 2-ի ընտրվելու շանսերը նվազեցին։

Նշենք, որ մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ: Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն ընտրվում է նախագահ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: