Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է նոր քննության. արդարացման դատական ակտը բեկանվել է
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանի գործով նոր քննություն կիրականացվի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության: Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, 2024թ․ մայիսի 31-ին հրապարակել է Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վճիռը։
Ի դեպ, հենց այս արդարացման վճիռը չներվեց դատավորին, վերջինիս լիազորությունները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և Ֆլեշ ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489,160,310 ՀՀ դրամը: