Սամվել Վարդանյանի տաբատը իջեցրել, թքել են, խոշտանգել, դրա ի՞նչը պետք է ուսումնասիրվի. հարց դատախազին
Սամվել Վարդանյանին խոշտանգելու, ծեծելու, նրա արժանապատվությունը նսեմացնելու, բռնության ենթարկելու մասով գործը ոչ տեղից չի շարժվում, մեկ տարի քննություն է գնում։ Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Սամվել Վարդանյանը ավտոբուսի մեջ վիրավորեց ՔՊ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին։ Վիրավորանքի համար արդարացվեց, խուլիգանության համար պատժվեց, ընդ որում հրատապ կալանքի տարաք, հետո տնային կալանքի ենթարկեցիք իր վարքի համար: Բայց Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործը տեղից չի շարժվում:
Օրեր առաջ ես նույն հարցը տվեցի քնչական ծառայության ղեկավարին, ասում է՝ քննություն է գնում, նույնիսկ չասեց, որ գործով կան մեղադրյալներ։
Տիկին դատախազ, դուք ՀՀ սահմանադրությամբ օրինականության երաշխավորն եք բոլոր գործերի նկատմամբ, որքանո՞վ է օրինական, որ մեկ տարի շարունակ այդ զինված բանդիտները, որ մահակներով զինված են եղել, դիմակավորված Երևանի բանուկ թաղամասում հարձակվել են ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացու վրա, խոշտանգել, ծեծել են, ու ու ոչ ոք չգիտի ովքեր էին, չեն կարողանում բացահայտել։ Է՞ս է օրինական քննությունը»,- հայտարարեց Թովմասյանը:
Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց, որ այդ գործով դեռևս չեն ստացել փորձաքննությունների եզրակացությունները. «Ձեր նշված վարույթով դեռևս երկու առանցքային փորձաքննություն կա, որոնց եզրակացությունը ստանալու հետո նոր հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել և հարցադրումներին պատասխանել:
Նաև առիթն օգտագործելով կխնդրեի փորձաքննությունների ժամկետների մասով պատգամավորական նախաձեռնությունների շրջանակում գուցե ինչ-որ մտագրոհներ անել, և եթե դրա անհրաժեշտությունը կա, մենք էլ կմասնակցենք, որովհետև այս ժամկետները մեզ շատ-շատ են անհանգստացնում և շատ դեպքերում հենց մեզ քննադատելու, հենց ինձ քննադատելու պատճառ են դառնում, երբ որ մենք այս փորձաքննությունների նկատմամբ չունենք ժամկետային որեւէ վերահսկողության գործառույթներ»,-ասաց նա:
Թագուհի Թովմասյանը հակադարձեց. «Ես ունեմ լուսանկարներ և ձեզ ցույց տալ, որ իրեն ծնկաչոք խոտերի վրա են նստացրել, այդ վիճակում նսեմացրել են, տաբատը իջեցրել են, թքել են վրան, խոշտանգել են, այսինքն դրա ի՞նչը պիտի էլ փորձաքննվի: Դրա մասով ի՞նչ անհասկանալի բան կա, որ մինչև հիմա մի տարի շարունակ Երևանում գործող բանտիները չեն բացահայտվում: Դա հանցախումբ է եղել ակնհայտորեն, և այդ հանցախումբը գործել է ազատ, բանուկ մասում»:
Գլխավոր դատախազը հստակեցրեց, որ այդ գործով նշնակված են դատակենսաբանական, դատագենետիկ և դատահետքաբանական փորձաքննություններ. «Ոորովհետև անձը նշել էր, որ թքել են իր վրա թքի առկայությունը պարզելու համար հագուստին: Տիկին Թովմասյանը ցույց տվեց խոտի ենթադրաբար գույնով ներկված տաբատ, որը այստեղ հետքաբանական փորձաքննության առարկա է: Այսինքն մեզ այս երեք ուղղություններով մինչև պատասխան չստանանք, լուսանկարը չենք կարող հիմք ընդունել և պնդել, որ հենց այնպես է եղել, ինչպես անձն է պատմում»: