ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար

Հայաստանի Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում. արդարադատության փոխնախարար

Հայաստանի արդարադատության նախարարությունը ներկայում աշխատում է նոր Սահմանադրության տեքստի մշակման վրա, նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում:  

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

Ադրբեջանը որպես Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման է ներկայացնում Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների անհրաժեշտությունը՝ կեղծ պնդում անելով, թե այն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։ Ադրբեջանական կողմը հիշատակում է ՀՀ Սահմանադրության նախաբանում առկա հղումը Հայաստանի անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսք է գնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Սահմանադրությունը տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ չի պարունակում։ Նաև Հայաստանի սահմանադրական դատարանն է հայտարարել, որ Սահմանադրության մեջ որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է որոշվել միանգամից աշխատել Սահմանադրության տեքստի վրա, այլ ոչ թե Սահմանադրության նոր հայեցակարգի՝ Դադունցն ասաց. «Մենք ունենք շատ սեղմ ժամկետ: Ունենք հանձնարարական, որ մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ Սահմանադրության նախագծի տեքստը պետք է պատրաստ լինի: Ինչո՞ւ հայեցակարգ չէ, այլ միանգամից Սահմանադրության տեքստ, որովհետև առաջինը՝ ժամկետի խնդիր ունենք, երկրորդը՝ հայեցակարգի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում շատ երկար աշխատանք տարվել է: Ունենք հայեցակարգային փաստաթուղթ, որտեղ կենտրոնացվել են խորհրդի տարբեր անդամների, նաև նախարարության կողմից մշակված հայեցակարգային կտորները: Եվ մենք հիմա, հիմք ընդունելով այդ հայեցակարգային փաստաթղթերը, նաև խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկները, աշխատում ենք տեքստի վրա, որ արագացվեն աշխատանքները»:  

Նա ընդգծեց՝ դա չի նշանակում, թե սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի գործում: «Մենք առաջարկել ենք խորհրդի անդամներին, որ երբ մշակվի Սահմանադրության տեքստը, գլուխ առ գլուխ կամ թեմա առ թեմա ներկայացվելու է խորհրդի անդամներին, իրենք դրանք կարող են նայել, դիտարկումներ ներկայացնել, և նորից մենք կարողանալու ենք իրենց հետ թեմա առ թեմա քննարկել»,-նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է փոփոխություն Սահմանադրության նախաբանում, որը հղում է կատարում Անկախության հռչակագրին՝ Դադունցը պատասխանեց. «Այս պահին նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»: 

Անդրադառնալով նախաբանի առնչությամբ ադրբեջանական կողմից հնչող մտահոգությանը՝ նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանն իր վերջին որոշման մեջ այդ հարցին պատասխան տվել է: «Եղել է մեկնաբանություն, որ Անկախության հռչակագրի դրույթները որևէ կերպ չեն խանգարում Սահմանադրության մեկնաբանությանն ու կիրառությանը»,-ասաց նա: 

 

  • Կիսվել: