երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Ռոբերտ Քոչարյանի «գործով» դիմում կներկայացվի ՄԻԵԴ կամ ՄԱԿ-ի դատարան․ Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի «գործով» դիմում կներկայացվի ՄԻԵԴ կամ ՄԱԿ-ի դատարան․ Խուդոյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն անդրադարձել է միջազգային դատական ատյաններ դիմելու հարցին։

Սեպտեմբերի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Խուդոյանն ընդգծել է, որ դա իրավական գործընթացի պարտադիր մաս է։ Նրա խոսքով՝ միջազգային ատյաններ դիմումը կարող է լինել անհապաղ, եթե առկա է կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգ, իսկ մյուս դեպքերում դիմում են ներպետական ատյանները սպառելուց հետո, կամ երբ պետության ներսում իրականացվող գործողությունները վստահություն չեն ներշնչում։ Փաստաբանը չի բացառել ՄԻԵԴ կամ ՄԱԿ-ի դատարան դիմելու հնարավորությունը՝ նշելով, որ վերջինս ավելի նախընտրելի է բողոքների քննության ժամկետների առումով։

«Բոլոր իրավական գործիքները կիրառվելու են․ օգտագործվելու են օրենքով ընձեռված բոլոր հնարավորությունները»,- ընդգծել է Խուդոյանը՝ հավելելով, որ նախկինում կայացված որոշումներն արդեն բողոքարկվել են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանն իր հերթին շեշտել է հոր և եղբոր նկատմամբ իրականացվող ակնհայտ քաղաքական հետապնդման փաստը։ «Երկրի փաստացի ղեկավարն ուղղակիորեն հայտարարում է, թե ինքն է դատելու, որ նրանք «պետք է նստեն», ու հենց հաջորդ օրը գործընթաց է սկսվում։ Այստեղ որևէ բան ապացուցելու կարիք չկա․ ամեն ինչ ապօրինի է։ Խնդիրն այն է, որ փորձ է արվում դա նորմալ երևույթ դարձնել։ Դա նորմալ չէ, և եթե որևէ մեկը համակերպվում է դրա հետ, մենք համաձայն չենք, որ դատական ու իրավական համակարգերը գործեն մեկ անհավասարակշիռ մարդու ուղիղ հրահանգով»,- հայտարարել է Քոչարյանը՝ հիշեցնելով, որ իրավապահ համակարգի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր ապօրինի հրամաններ են կատարում, իրենց ժամանակին պատասխան են տալու։

  • Կիսվել: