Քվոտաներ ենք հատկացրել կին ծառայողների համար, որպեսզի հատկացված տեղերի 30 տոկոսը նախատեսված լինի նրանց համար. ՆԳ նախարար
Ցանկացած ընդունելություն, որ մենք դիտարկում ենք, հետայսու, նաև դրանից առաջ էլ քվոտաներ ենք հատկացրել նաև կին ծառայողների համար, որպեսզի հատկացված տեղերի 30 տոկոսը անպայման լինի նախատեսված կին դիմորդների համար:
Այս մասին խորհրդարանում Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ քննարկումների ընթացքում ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով կանանց ներգրավվածության հարցին հատկապես պարեկային ծառայությունում:
«Ճիշտ է, պրակտիկայում որոշակի շեղումներ ունենում ենք առ այն, որ 30 տոկոսը չի համալրվում կանանցով, հետևաբար, որոշակի տոկոսայնություն կրկին տրամադրվում է տղամարդ դիմորդներին, բայց այսուհետ որոշել ենք այլևս չանել այդ զիջումը, որովհետև թափուր հաստիքները պիտի համալրեն հենց կին ծառայողները, որպեսզի սեռերի հավասար ներկայացվածության կոմպոնենտը կարողանանք հետևողականորեն իրականացնել, այլ ոչ թե անընդհատ գնանք հաստիք ավելացնելու ճանապարհով»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Նախարարը տեղեկացրեց՝ արդեն ունեցել են երկու նպատակային ընդունելություն, որի շրջանակում ՀՀ-ում չկա այնպիսի մարզ, որտեղ գոնե մեկ կին ծառայող չունենան:
«Ունեինք խնդիր Վայոց ձորի մարզում, բայց վերջին ընդունելության շրջանակներում արդեն համալրում ունեցել ենք: Հաշվի առնելով նաև կարծրատիպերը՝ նաև կադրային տեղափոխությունների հետ խնդիրների ենք բախվում, որ շատ հաճախ ծառայության են անցնում, հետո փոխում են, բայց կարիք կա շարունակելու աշխատանքը»,- խոսքը եզրափակեց ՆԳ նախարարը: