ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քրեական ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կպչուն ժապավենով փաթեթներ, ատրճանակ

Քրեական ոստիկանություն տեղափոխված քաղաքացու մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, կպչուն ժապավենով փաթեթներ, ատրճանակ

Հունվարի 30-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Նորայր Խալաթյանը, Արթուր Ավետիսյանը և Համլետ Սարգսյանը՝ վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ, ծառայություն իրականացնելիս ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մխիթար Զ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ոստիկանությունում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավենով փաթեթ, որի մեջ առկա է եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որի քաշը փաթեթի հետ միասին կազմել է 1,86 գրամ, ինչպես նաև թվով 2 հատ դեղին կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որոնց մեջ առկա է եղել «մեթամֆետամինին» նմավող սպիտակ բյուրեղանման զանգված, որոնց քաշը փաթեթների հետ միասին կազմել է 3,53 գրամ։ Հայտնաբերվել է թվով 1 հատ պոլիէթիլենային թափանցիկ տոպրակ, որի մեջ առկա է եղել «կոկային» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,15 գրամ: 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գրպանի մեջ առկա է եղել նաև «մարիխուանային» նմանվող դեղնականաչավուն զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,29 գրամ, 1 հատ բժշկական ներարկիչ, որի ներսի պատերին եղել է սպիտակ հետքեր, հայտնաբերվել է նաև սիգարոն գրառմամբ թղթե փաթեթ, որի մեջ առկա է եղել դեղնականաչավուն սուր հոտով զանգված, որի ընդհանուր քաշը կազմել է 0,60 գր։ Հայտնաբերվել է նաև թվով 1 հատ բժշկական կաթուցիչ՝ մոխրացված հետքերով, 1 հատ ապակյա գլանակ մոխրացված հետքերով, 1 հատ դեղին գույնի կպչուն ժապավեն: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Մխիթար Զ․-ն իր մեքենայի միջից ոստիկաններին է ներկայացրել  տոպրակ, որի մեջ առկա է եղել թղթյա տուփ, տուփի մեջ առկա է եղել զիփ փականով փաթեթավորված թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ՝ լցված թվով 32 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակներով, փաթեթավորված փաթեթներ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով և թվով 33 հատ թղթյա փաթեթ՝ փաթաթված թափանցիկ կպչուն ժապավենով, որոնք նույնպես լցված են եղել «մեթամֆետամինին» նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմել է 86.36 գրամ, նույն ավտոմեքենայի հետևի նստատեղից նա ներկայացրել է նաև ատրճանակ՝ փամփշտատուփով որի մեջ առկա է եղել թվով 7 փամփուշտ: 

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուրարաշեն վարչական շրջանի քննչական բաժին:

  • Կիսվել: