Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական պարապմունքին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։
Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։
Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու համագործակցությունը։
Քրեական ոստիկանները ներկայացրել են ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու հատուկ միջոցները։ Ցուցադրվել են ինչպես հանցավորության կանխարգելման, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ օգտագործվող տեխնիկական սարքավորումները։
Ներկայացվել են նաև անօդաչու թռչող սարքերի հնարավորություններն ու կիրառման ձևերը։
Ընդգծվել է դրանց կարևոր դերը՝ օպերատիվ վերահսկողության, տվյալների հավաքագրման ու բարդ իրավիճակներում միջոցառումներն առավել արդյունավետ դարձնելու գործընթացում։
Ավարտին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ոստիկանության ծառայողների տակտիկական պատրաստականության բարձրացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար պարգևատրել է ԱՄՆ Լաս Վեգասի քաղաքային ոստիկանական վարչության հակաահաբեկչական գործողությունների բազմաֆունկցիոնալ կարողությունների կազմակերպչական զարգացման բյուրոյի սպա Լազար Սիրոյանին։