ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը և ԵԽ աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը

Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը և ԵԽ աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Շնուց Դյուռին, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։
 
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։
 
Երկուստեք կարևորվել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարի տեղակալն այս համատեքստում անդրադարձ է կատարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում վերջերս հանձնաժողովի հետ ունեցած քննարկումներին։
 
Հանդիպմանը քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը՝ վարչական իրավախախտումների և վարչական դատավարության օրենսդրության վերանայման, «Արբիտրաժային շաբաթ» միջոցառման կազմակերպման, հաշտարարների համայնքին աջակցության համատեքստում:
 
Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել կարիքները և շարունակել համատեղ աշխատանքները:

  • Կիսվել: