ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Փոփոխություն է առաջարկվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

Փոփոխություն է առաջարկվում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում

Նախագծի համաձայն՝ Զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության  ամբողջական կայացման  նպատակով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի, սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի պաշտոններ եւ դրանց վարձատրության գործակիցները: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

 

Փոխնախարարի խոսքով արեւմտյան պետությունների, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի եւ բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը եւ ապահովում սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:

 

Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում կկազմակերպվի աշխատանքային հանդիպում՝ առաջացած հարցերը ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի հետ քննարկելու նպատակով:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին՝ այն գնահատելով որպես Զինված ուժերի կարեւորագույն բարեփոխումներից մեկը:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

  • Կիսվել: