Պետության ուժը գնահատվում է նաև արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ. Աննա Վարդապետյան
Ժամանակակից աշխարհում պետության ուժը գնահատվում է ինչպես նրա տնտեսական ու ռազմական ներուժով, այնպես էլ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությամբ, որը ձևավորում է օրենքի հեղինակությունը, պետության և հասարակության միջև ստեղծում պատասխանատվության, անվտանգության և իրավական կանխատեսելիության վրա հիմնված կապ։
Այս մասին Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման արարողության ժամանակ հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Նրա բնորոշմամբ՝ արդարադատության համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության ձևավորումը տարերային գործընթաց չէ՝ այն օպերատիվ աշխատողի, ոստիկանի, քննիչի, դատախազի և դատավորի ամենօրյա հոգատար, հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է:
«Տեխնոլոգիական զարգացումները, թվային տնտեսության արագ ընդլայնումը, արհեստական բանականության կիրառումը, կրիպտոակտիվների աճող շրջանառությունը և միջազգային ֆինանսական համակարգերի փոխկապակցվածությունը ստեղծել են նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործ, այնպես էլ հանցավոր վարքագծի համար: Ֆինանսական հանցագործությունները չեն ճանաչում պետական սահմաններ։ Ապօրինի ճանապարհով ձեռք բերված ակտիվները կարող են րոպեների ընթացքում «ճանապարհորդել» տարբեր պետությունների տարածքներով և իրավազորությունների ուղիներով՝ մինչև կլվացվեն ու կօրինականացվեն, իսկ հանցավոր սխեմաները կարող են միաժամանակ գործել մի քանի մայրցամաքներում՝ օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները»,-նշել է Վարդապետյանը։
Դատախազի խոսքով՝ այս պայմաններում որևէ պետություն, որքան էլ զարգացած լինեն նրա ինստիտուտներն ու ենթակառուցվածքները, չի կարող միայնակ արդյունավետ հակազդել հանցավոր սխեմաներին, հետևաբար, արդարադատության արդյունավետությունը պայմանավորված է նույն արժեքները կրող երկրների համագործակցության խորությամբ, այդ թվում՝ իրավապահ ու դատական համակարգերի համագործակցությամբ և փոխադարձ վստահությամբ, որը երկխոսություն սկսելու նախապայմանն է։
«Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանը դառնում է եվրոպական դատախազական համայնքի մասնագիտական երկխոսության կենտրոններից մեկը, և առաջին տարին է, որ դատախազական համայնքն իր մասնագիտական երկխոսությունը ծավալում է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում: Այս հարթակը նախատեսված է նոր մասնագիտական կապեր ձևավորելու, լավագույն փորձի փոխանակման, մարտահրավերների քննարկման և փոխադարձ վստահության ամրապնդման համար: Շնորհակալ եմ, որ մեր հրավերն ընդունել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների գլխավոր դատախազները, բարձրաստիճան դատախազները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ճանաչված փորձագետները և արդարադատության ոլորտի գործընկերները»,-ասել է Աննա Վարդապետյանը:
Նա հավելել է, որ այս տարվա համաժողովը կրում է «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով. քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում», խորագիրը, որը միավորում է երեք ուղղություններ, որոնք արդարադատության շղթայի բաղադրիչներն են։
«Արդարադատությունը հաճախ նույնացվում է մեղավորի պատասխանատվության հետ, սակայն արդարությունը դրանով չի սահմանափակվում: Արդարությունն ամբողջական է, երբ բացահայտվում է հանցագործությունը, ապահովվում է մեղավորի պատասխանատվությունը, վերադարձվում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը, պաշտպանվում են տուժողի իրավունքները և հասարակության համար տեսանելի է, որ արդարության խախտված հավասարակշռությունը վերականգնվեց: Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է: Յուրաքանչյուր վերադարձված ակտիվ արդարացի հարված է հանցագործության շահավետությանը: Յուրաքանչյուր հայտնաբերված և բռնագանձված ապօրինի գույք հանրությանը փոխանցում է կարևոր ուղերձ՝ պետությունը հետևողական է պետական շահի պաշտպանության գործում։ Մարտահրավերներին համարժեք պատասխաններ տալու համար անհրաժեշտ են ինչպես իրավական գործիքներ, այնպես էլ ընդհանուր արժեքներ, ընդհանուր պատասխանատվություն և ընդհանուր տեսլական»,-առանձնանշել է ՀՀ գլխավոր դատախազը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և Եվրոպական միությանը՝ տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության դատախազության կողքին լինելու, երկրի ինստիտուցիոնալ զարգացմանն աջակցելու և Հայաստանի հետ համատեղ ամենահամարձակ նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար: Նրա դիտարկմամբ՝ այս գործընկերությունը նպաստում է դատախազների մասնագիտական կարողությունների զարգացմանը, մեր ամենօրյա աշխատանքում եվրոպական լավագույն փորձի ներդրմանը և դրա արդյունքում՝ իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Վարդապետյանը վստահեցրել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակելու է զարգացնել դատախազների կարողությունները՝ հիմնվելով պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, նորարար համարձակ լուծումների, վստահության վրա հիմնված գործընկերության, այդ թվում՝ միջազգային համագործակցության վրա:
«Մենք վստահ ենք, որ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի շրջանակներում քննարկումները իրավական մտքի ու մշակույթի զարգացման նոր նշաձող են սահմանելու և դառնալու են նոր գաղափարների, նոր և համարձակ նախաձեռնությունների և նոր ձևաչափի համագործակցության դարբնոց»,-եզրափակել է Աննա Վարդապետյանը:


