Պետական գաղտնիք հրապարակելու գործով ձերբակալված երկու զինվորականները կալանավորվել են․ ՔԿ
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ տարածելու գործով ձերբակալված երկու զինվորականները կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Քննչականի փոխանցմամբ՝ նրանցից մեկը ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Էդիկ Մալոյանն է։ Վարույթի շրջանակում կալանավորվել է նաև նույն զորամասի գաղտնիության ռեժիմի գծով սպա Ռոմեն Ջավադյանը։
Ըստ քննչական մարմնի՝ Մալոյանը, չունենալով համապատասխան գաղտնի տեղեկությանը ծանոթանալու իրավունք, դրդել է այդ տեղեկությանը հասանելիություն ունեցող սպային այն հրապարակել, ապա ինքն էլ հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տեղեկությունը։
Մալոյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունն ապօրինի ձեռք բերելուց հետո հրապարակելու և այն հրապարակելուն դրդելու համար։ Մյուս զինվորականը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։
Մալոյանի պաշտպանությամբ էր հանդես եկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ով Մալոյանի ձերբակալությունը կապել է քաղաքական դրդապատճառների հետ։
Նախաքննությունը շարունակվում է։



