հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ՊԵԿ-ը մեկնաբանել է կաշառքի կասկածանքով աշխատակիցների ձերբակալությունը

ՊԵԿ-ը մեկնաբանել է կաշառքի կասկածանքով աշխատակիցների ձերբակալությունը

Պետական եկամուտների կոմիտեն խստորեն դատապարտում է կոռուպցիոն ցանկացած դրսևորում և անընդունելի համարում ծառայողական դիրքի օգտագործումը անձնական շահի նպատակով, նշվում է կոմիտեի տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ՆԳՆ-ի կողմից ՊԵԿ աշխատակիցների ձերբակալությանը։

«Կոմիտեն վերահաստատում է, որ կոռուպցիայի նկատմամբ ցուցաբերում է զրոյական հանդուրժողականություն և համակարգի բարի համբավը ստվերող ցանկացած վարքագիծ արժանանալու է խիստ իրավական գնահատականի։

Չնայած ՊԵԿ-ում շարունակաբար իրականացվող հակակոռուպցիոն և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ առանձին աշխատակիցների նման գործողությունները չեն կարող համատեղելի լինել պետական ծառայողի վարքագծի և պատասխանատվության չափանիշների հետ։

ՊԵԿ-ը վստահեցնում է, որ իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությամբ հետևողականորեն շարունակելու է համակարգում կոռուպցիոն ռիսկերի բացառմանն ու նմանատիպ երևույթներն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքները։

Կոմիտեն կրկին հորդորում է իր բոլոր աշխատակիցներին խստագույնս պահպանել օրենսդրության և ծառայողական էթիկայի պահանջները՝ չվարկաբեկելով ՊԵԿ-ում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը»,-նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: