Փաստաբանը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին․ Վիրահատությունից հետո ռիսկի գործոններ կային
Նախագահը վիրահատություն է ունեցել, վիրահատությունը ենթադրում է մեկ ամիս բավականին բարձր ռիսկի գոտի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին:
«Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք: Այս պայմանները հաշվի առնելով, այստեղ ոչ փորձ ենք անում ցույց տալ, թե վա՜յ, տեսե՛ք՝ շատ ավելի վատ ենք, ոչ էլ փորձ ենք անում ցույց տալ, թե տեսեք՝ ընդհանրապես առողջական որևէ խնդիր չկա: Նախագահի առողջական խնդիրների մասին բոլորը տեղյակ են»,-նշել է նա:
Փաստաբանն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանի՝ քրեակատարողական փակ հիմնարկում գտնվելու պահին, վիրահատությունից անմիջապես հետո որոշակի ռիսկի գործոններ կային, որոնք, ըստ Օրբելյանի, այս պահին կառավարելի են, բայց չի նշանակում՝ ամբողջությամբ հաղթահարված:
«Պահման պայմանների հետ կապված կան լրջագույն խնդիրներ, զբաղվում ենք, ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում ենք, որովհետև տեսնում ենք նաև այլ դեպքեր, որոնք ավելի պրոբլեմատիկ են»,-հավելել է Արամ Օրբելյանը:



