շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Փաստաբանը հերքում է, որ Հովհաննես Թամամյանը համագործակցում է նախաքննական մարմնի հետ

Փաստաբանը հերքում է, որ Հովհաննես Թամամյանը համագործակցում է նախաքննական մարմնի հետ

 Մարտի 1-ի անջատված գործով, որով անցնում են մասնավորապես, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, քննչական գործողություններ չեն իրականացվում, նախաքննությունըւ դոփում է տեղում, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղարշակ Գևորգյանը:

Նշենք, որ ավելի վաղ Հատուկ Քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախկին գլխավոր դատախազ, 2008-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և նախագահի օգնական, իսկ 2008 թվականի հուլիսի 2-ից՝ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը մի խումբ բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և Մարտի 1-ի գործը ժամանակին քննող մարմնի միջոցով պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։

Այսինքն՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդել են չարաշահել պաշտոնեական լիազորությունները, կատարել պաշտոնեական կեղծիքներ և կեղծել ապացույցները։ Այդ պաշտոնյաների թվում է նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Հովհաննես Թամամյանը:

«Բացարձակ որևէ քննություն չի իրականացվում: Փաստեր ունենան, կհարցաքննեն, չունեն, չեն հարցաքննում: Ոչ իրավապահների կեցվածքն եմ հասկանում, ոչ իրավական գնահատականը, ոչ էլ լռությունը: Ըստ էության, էնպիսի վիճակ է ստեղծվել, որ ոչ ուզում ենք դիմենք, ոչ էլ ուզում ենք հարցնենք՝ ինչ կա», -ասաց Գևորգյանը:

Դիտարկմանը, թե մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանը համագործակցել է նախաքննական մարմնի հետ, տվել ցուցմունքներ, ինչի արդյունքում մի շարք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների առաջադրվեցին մեղադրանքներ, փաստաբանը արձագանքեց. «Նման բան չկա, ով էլ գրել է, սուտ է գրել: Ճիշտ չեն ասում. Թամամյանը նման հայտարարություններ չի արել»:

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Հովհաննես Թամամյանը ընդունում է առաջադրված մեղադրանքը, սակայն փաստաբանն ասաց, որ այս գործով դեռևս դիրքորոշում չեն հայտնում: «Ժամանակը կգա, այդ մասին բոլորը կիմանան: Դեռ վաղ ենք համարում հայտարարություն անել», -ասաց փաստաբանը:

  • Կիսվել: