չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան

Փաստ է՝ գոյություն ունեն իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը. Գալյան

Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյություն ունեն այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը, փաստ է, և դրա մասին մենք, կարելի է ասել, վերջերս ամեն օր լսում ենք՝ հատկապես պայմանավորված վերջին ընտրական պրոցեսով: Այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ես կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար շեմ կամ բազա կա, և իրավապահ մարմինները այդ առումով նաև բավական մեծ աշխատանք են տանում և տարել: Կարծում եմ՝ առաջիկայում այդ աշխատանքները շատ ավելի ինտենսիվ պետք է շարունակվեն»,- ասաց Գալյանը:

Ինչ վերաբերում է արդարադատության նախարարության մանդատին ու լիազորություններին՝ նշեց՝ մտածում են ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել, օրինակ՝ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

«Եթե լինի կոնսենսուս, ապա մենք հենց Սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն՝ եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ և նաև խախտումներ, որոնք կարող են կապված լինել ենթադրյալ հանցագործությունների հետ, կամ կապված են ենթադրյալ հանցագործությունների հետ, ապա պետք է նաև մենք ունենանք սահմանադրական հիմքեր, որպեսզի այդ կուսակցությունները հնարավորություն չունենան մասնակցել ընտրական պրոցեսներին: Սա քայլ է, որը մենք պետք է կատարենք՝ նաև հաշվի առնելով այն փորձը, որին բոլորս ականատես եղանք»,- ասաց արդարադատության նախարարը:

Նրա խոսքով՝ այս մասով ունեն նաև հանրային պահանջ՝ քաղաքացիների կողմից ուղղված իրենց:

  • Կիսվել: