ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը, հաշվի առնելով հանգամանքը, որ վերջինն արդեն պատգամավորի կարգավիճակ է ստացել։ Դատարանն առաջնահերթության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է Ղազինյանին առնչվող գործի քննությունը։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Հակակոռուպցիոն դատարան։

« «Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դ.Ղ.-ն, նույն դաշինքի Երևանի Վ. Փափազյան փողոցի 29 շենքի 73 հասցեում գործող գրասենյակի աշխատանքը փաստացի համակարգող Ա.Մ.-ի, դաշինքի համակիր Ա.Ս.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ ընտրողներին՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։

Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին է փոխանցել 1 միլիոն 400 հազար դրամ՝ ընտրակաշառք տալու համար օգտագործելու նպատակով, սակայն հանցակիցների միջև ընտրակաշառքի գումարը բաշխելու և ընտրողներին փոխանցելու եղանակների շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով ծրագրված հանցագործությունը Դ.Ղ.-ի կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել, իսկ գումարը հետագայում փոխանցվել է Ա.Մ.-ին:

Նույն քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք տալու նախապատրաստության և ընտրակաշառք ստանալու համար»,–նշված է մեղադրական եզրակացությունում։

  • Կիսվել: