ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը

Պաշտոնապես բացվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Զանգերի կենտրոնը

Ապրիլի 14-ին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում բացվեց Զանգերի կենտրոնը։ Կենտրոնի շահառուները ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն են, այլև օտարերկրացիներ, փախստականներ, տեղահանվածներ, պարզապես Հայաստանից դուրս գտնվող և Հայաստանով հետաքրքրված անձինք՝ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են տեղեկատվություն ստանալ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում իրականացվող ծառայությունների մասին։

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ծառայության թեժ գծին փոխարինելու եկած Զանգերի կենտրոնը պաշտոնապես գործարկվում է վերապատրաստված աշխատակիցներով և տեխնիկապես վերազինված։ Ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ կենտրոնի բացումը սպասված էր։ Տեխնիկական լուծումների արդյունավետ իրականացման, ծառայության գործընկերների աջակցության շնորհիվ կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել բովանդակությանը համահունչ կենտրոն։

ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ապրիլի 14-ին գործարկվել է նաև տեղեկատու՝ դարձյալ քաղաքացիներին պատշաճ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։ Եթե անձը Ծառայության գլխամասային գրասենյակ այցելել է միայն տեղեկատվություն ստանալու համար, ապա պատասխանները կարող է ստանալ՝ մոտենալով տեղեկատուին։

Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

  • Կիսվել: