շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ

Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել է, որ 2024թ․ հեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակչի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով 24-ամյա անձը հրազենային վնասվածք է ստացել:

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված քննությամբ տվյալներ են ստացվել, որ միջադեպին մասնակից անձինք՝ մի կողմից Ա.Զ.-ն, վերջինիս քրոջ որդի Ա.Պ.-ն, իսկ մյուս կողմից տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը, ով նրա բարեկամն է, գտնվում են լարված հարաբերությունների մեջ և նախկինում նույնպես վեճեր են ունեցել:

Հոկտեմբերի 3-ին մի կողմից Սուրենավան բնակավայրի 26-ամյա բնակիչ Ա.Պ.-ն, Ա.Զ.-ի և այլ անձանց հետ, մահակով, իսկ մյուս կողմից՝ Ա.Զ.-ի բարեկամ, նույն գյուղում բնակվող անձը, 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով զինված, այլ անձանց հետ ժամանել են Սուրենավանի՝ Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածք:

Տևական ժամանակ վիճաբանելով միմյանց հետ, հայհոյելով՝ նրանք խանգարել են գազալցակայանում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտել գազալցակայանի բնականոն աշխատանքը:

Ա.Պ.-ն հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է «TT» տեսակի ատրճանակ և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով՝ փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան:

Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի բարեկամը, ով իր հետ վերցրած ապօրինի զենքից կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է 24-ամյա անձի ոտքը՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն ձերբակալվել է, նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը և հայտարարվել հետախուզում:

  • Կիսվել: