կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ոստիկանությունը 24/7 հասանելիություն կունենա ավտոկայանատեղիների, օդանավակայանների, սահմանի անցակետերի տեսագրություններին. նախագիծ

Ոստիկանությունը 24/7 հասանելիություն կունենա ավտոկայանատեղիների, օդանավակայանների, սահմանի անցակետերի տեսագրություններին. նախագիծ

Հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքները, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին, իրավախախտումներին՝ հնարավորինս արագ արձագանքելու, այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ փետրվարի 11-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ նախագծի հեղինակի՝ մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի ազդեցություն ունի:

«Ներկայումս Երևանում տեղի ունեցած հանցագործությունների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղիները վերահսկող տեսախցիկներից, ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների թույլտվության ու ներկայության, ինչը բարդացնում է գործընթացը՝ հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման՝ դրան ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցությամբ, ինչն իր հերթին անհնարին է դարձնում դեպքերի՝ տաք հետքերով հայտնաբերումն ու բացահայտումը»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ նախագծի ընդունմամբ հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման, նախականխման, կանխման, հայտնաբերման, բացահայտման համար կխնայվի ժամանակ, մարդկային ռեսուրս, ֆինանսական միջոցներ՝ ապահովելով գործընթացի օպերատիվությունը, ինչպես նաև նույն գործընթացի կապակցությամբ տարաբնույթ ու տարատեսակ օպերատիվ, հետախուզական, վարութային, քննչական մեծածավալ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը:  

«Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ոստիկանությունն իրավասու կլինի ՀՀ պետական համակարգի մարմիններից, ՏԻՄ-երից, պետական և համայնքային կազմակերպության մարմիններից և հիմնարկներից, ավտոկայանատեղիներից, օդանավակայաններից և պետական սահմանի անցման կետերից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության՝ դրսի կողմից տեղադրված տեսանկարահանման համակարգերին»,- ասաց նա՝ հավելեով, որ որոշումն ուղղված է լինելու նաև անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատեց՝ սեփական օրինակով գիտի՝ տեսանյութի առկայությունը երաշխիք չէ, որ հանցագործությունը բացահայտվի: Հայկ Սարգսյանը համաձայնեց՝ տեսանյութի առկայությունը ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է՝ հասկանալու համար, թե ով է իրավախախտում կատարած անձը, որտեղից է եկել, ինչ մեքենայով:

«Մենք ունենք օպերատիվության խնդիր, ոստիկանությունը դա չի կարողանում անել արագ, ժամանակ է տևում, մինչև ոստիկանությունը գնում է տվյալ հիմնարկ և պահանջում տեսանյութ: Նաև տեսանյութ պահանջելու ընթացքում այլ աշխատակիցներ են ներգրավվում պրոցեսի մեջ, ինչը կորցնում է օպերատիվությունը, և անհայտ թվով անձինք են իմանում դրա մասին: Բացի դրանից՝ համայնքները գործող կարգավորումներով չունեն որևէ պարտավորություն համայնքի մուտքերի, ելքերի և համայնքապետարանի ու համայնքային նշանակության մյուս օբյեկտների վրա տեղադրելու տեսախցիկներ, և շատ հաճախ դրանք չկան, և երբ հանցագործը դուրս է գալիս Երևանից, հայտնվում է «սև վայրում», այսինքն՝ ոչ դիտարկելի վայրում»,- ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվեց՝ ենթադրվում է, որ բոլոր տեսաձայնագրվող սարքերը պետք է միացվեն համացանցին, որպեսզի 24/7 հասանելիությունը համապատասխան կառույց ունենա: Հայկ Սարգսյանը հաստատեց՝ պարտադիր պայման է ստեղծվում նշյալ կազմակերպությունների և ՊՈԱԿ-ների ենթակայության տակ գտնող մարմինների համար՝ տեղադրելու հստակ չափանիշներով տեսախցիկներ և 15 օր պահպանելու տեսագրությունը, նաև 24/7 ժամային ռեժիմով հասանելիություն տրամադրելու ՆԳՆ-ին:

Հակոբ Արշակյանը մտահոգություն արեց, որ եթե անվտանգության ստանդարտներ չլինեն, ապա համացանցում տվյալների հասանելիությունը կարող է ՀՀ-ից դուրս էլ հասանելի լինել: Ըստ Հայկ Սարգսյանի՝ Երևանում գործող տեսանկարահանման հասանելիությունը տրամադրվում է օնյալն՝ 24/7 ռեժիմով, և եթե տվյալների արտահոսք լինի, ապա կարող է արտահոսք լինել նաև Երևանի տեսախցիկներից: Դեռևս նման խնդիր չի եղել:

Հարակից զեկուցող Անդրանիկ Քոչարյանը ասաց, որ այս նախագծի ընդունմամբ ակնկալվում է հանցագործությունների բացահայտման թվի շեշտակի բարձրացում:

  • Կիսվել: