ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ոստիկանությունում բռնության ենթարկված  ծաղկի շուկայի աշխատակիցը դիմել է ՀՔԾ և դատաբժշկի   

Ոստիկանությունում բռնության ենթարկված  ծաղկի շուկայի աշխատակիցը դիմել է ՀՔԾ և դատաբժշկի   

 

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարակից ծաղկի շուկայի աշխատակից Կարեն Ղազարյանը, որին երեկ բռնությամբ տեղափոխել են ոստիկանություն, դեպքի առնչությամբ դիմել է «Բաբայան Քոնսալթինգ» փաստաբանական ընկերություն, որի փաստաբանների աջակցությամբ իրեն տուժող համարող Ղազարյանը դիմել է ՀՔԾ։ Այս մասին PrimeNewsin–ին հայտնեց ընկերության տնօրեն Արսեն Բաբայանը։

Նշենք սակայն, որ ՀՔԾ-ից  PrimeNewsin–ին հայտնեցին, որ դիմումը դեռ չեն ստացել։

Մինչև փաստաբանական ընկերության ապա նաև ՀՔԾ դիմելը Ղազարյանը դիմել է դատաբժշկական փորձաքննություն անց կացնելու համար, որը տեղի կունենա քրգործ հարուցելուց անմիջապես հետո։

Փորձեցինք Բաբայանից ճշտել մամուլում շրջանառվող լուրերի իսկությունը առ այն, որ ոստիկանությունում Ղազարյանից փորձել են ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի նկատմամբ, սակայն Բաբայանը ասաց, որ այս փուլում ձեռնպահ կմնա այլ մեկնաբանություններից, ավելացնելով միայն, որ իրենց են դիմել ծաղկի շուկայից  ոստիկանության 6–րդ վարչություն բերման ենթարկված 5 քաղաքացի։

ՀՔԾ ներկայացված դիմումում մասնավորապես հայտնել են, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան, ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից տարածքից, մի խումբ անձինք բռնության կիրառմամբ իր «Porshe Cayenne» մակնիշի ավտոմեքենայով իրեն, ինչպես նաև այլ մեքենաներով մի քանի քաղաքացիների, տարել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն:

«Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանությունում իրենից պահանջել են, որ ասի, թե իբր մարզադաշտի հարակից տարածքի ծաղկավաճառներից գումարներ է շորթել և տարել տվել ինչ որ անձի և ասի, թե ում է տվել: Տեսնելով, որ իրենց պահանջը չի կատարում, ավելին հրաժարվել է նման հայտարություն անելուց և գրելուց, այդ անձանց ցուցումով իրեն այդտեղ տարած դիմակավորված անձինք, իրեն հայհոյել և ծեծի են ենթարկել, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածք: Այդ ընթացքում, տվյալ անձինք խուզարկել են իր ավտոմեքենան, այնտեղից վերցրել են 60.000 ՀՀ դրամ, որն իր ընկերոջինն է և իրեն պատկանող 8.000 ՀՀ դրամ գումարը: Իսկ իր անձնական խուզարկությամբ` 180.000 ՀՀ դրամ գումար»,-ասված է փաստաբանի՝ ՀՔԾ պետին ուղարկած նամակում։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ հոկտեմբերի 17–ին ծաղկի շուկայից բռնի ուժով վեցերորդ վարչություն են տարել շուկայի աշխատակիցներից Կարեն Ղազարյանին, եւ ծեծելով փորձել ցուցմունք կորզել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ, որի հայրը երկար տարիներ զբաղվում է ծաղկի մեծածախ առևտրով։

  • Կիսվել: