Ո՞նց եղավ՝ մեկ գիշերում Հովիկ Աբրահամյանի տան արգելանքը հանվեց, վաճառվեց. Թովմասյանը՝ Վարդապետյանին
ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի տունը գտնվում էր արգելանքի տակ. այդ արգելանքը ո՞նց հանվեց, ո՞նց վաճառվեց, ի՞նչ հանգամանքներում, եթե դա գտնվում էր դատախազության ուշադրության կենտրոնում և իրավապահների կողմից արգելադրված էր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում դիմլով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի տան մասով ընթացիկ վարույթ կա, այո, երեք տարի է: Եթե ձեզ այդ վարույթի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հետաքրքրում է, կարող եք գրավոր դիմելու ստանալ, բայց հաշվի առեք, որ տեղեկատվությունները շատ փակ են:
Ես ավելի քիչ եմ հանդիպում լրատվամիջոցներում նախաքննական գաղտնիքի տվյալների առկայությունը, ինչը ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ նախաքննական մարմինները շատ ավելի ուշադիր են իրենց կողմից մշակված տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով պահպանելու և հետագայում արդեն դատարան ուղարկելու փուլում հրապարակելու մասով, ուստի ընթացիկ վարույթ կա, այդ վարույթի մանրամասները բնականաբար չեմ կարող ներկայացնել և չեմ ներկայացնել, որովհետև նախաքննության փուլում է գտնվում»:
Թագուհի Թովմասյանը նկատեց, որ ինքը նախաքննության գաղտնիքի մասին չի հարցնում, այլ այն մսին, թե ո՞նց է հանվել այդ գույքն արգելանքից:
«Սա շատ կարևոր է հենց գործի մասին հանրային պատկերացումների մասով, նաև իրավապահների գործողությունների ազնվության մասով Ես չեմ ուզում իմ ունեցած տեղեկությունը ձեզ փոխանցել, վստահաբար դուք ավելին գիտեք, բայց ո՞նց կարող է մի գիշերում արգելանք հանվի։ Նախաքննական գաղտնիքի տակ երեք տարի թաքնված է իրավապահ համակարգը»,-ասաց նա:
Գլխավոր դատախազն ասաց, որ հենց այդ հարցի շուրջ է քննությունը. «Ուստի, էլի եմ կրկնում, կա քննություն և քննությունը ունի հանգամանքներ, որը պիտի պարզաբանի: Ես չեմ ասելու այն, ինչ որ դուք հիմա ակնկալում եք ինձնից լսել, քանի որ ցանկացած տվյալ, որը ես հիմա կասեմ, կխանգարի քննությանը»: