ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջ

Մովսես Հակոբյանին և Արմեն Հարությունյանին մեղադրում են անփութության մեջ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանին  մեղադրում են պաշտոնեական անփութության մեջ։ 

Հիշեցնենք՝ ՀՀ դատախազությունը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից և ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանից պահանջում են շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ իբրև որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Սամսոնի Հարությունյանը 2017թ. մայիսից զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ֊վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, խախտելով «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:  

Մովսես Հակոբյանը ևս մեղադրվում է անփութության մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Մովսես Հակոբյանը,  2015-2016թթ. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Արմեն Հարությունյանի և Մովսես Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, Հակոբյանի նկատմամբ՝ նաև գրավը՝ 10 մլն դրամի չափով։ «Դատալեքսում» առկա նշումների համաձայն՝ հենց այս գործով էլ ներկայացվել է հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ։ 

  • Կիսվել: