հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Միքայել Սրբազանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Դատախազություն

Միքայել Սրբազանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Դատախազություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո Դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի։ Այս մասին InfoPort.am -ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը բեկանեց Շիրակի թեմի առաջնորդի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վարույթը փոխանցելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության, իսկ Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացակայելու արգելքը մնաց անփոփոխ:

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել էրթե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջել բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջել է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

  • Կիսվել: