շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՄԻՊ-ը մասնակցել է Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված միջոցառմանը

ՄԻՊ-ը մասնակցել է Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված միջոցառմանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:

Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով, ներկայացրել բեմադրություն:  Երիտասարդներին իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:

Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։

Անահիտ Մանասյանը շեշտել է պետության առանցքային դերը՝ որպես երաշխավոր այնպիսի պայմանների ձևավորման, որոնք թույլ կտան տարբեր առանձնահատկություններով անձանց լիարժեքորեն իրացնել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։

«Մենք բոլորս ունենք մեր առանձնահատկությունները, սակայն ապրում ենք նույն միջավայրում և բախվում նմանատիպ մարտահրավերների։ Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրի առանձնահատկությունը կդառնա համերաշխության, փոխըմբռնման և համատեղ զարգացման շարժիչ ուժ»,- նշել է Պաշտպանը։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով անձանց հավասար մասնակցությունը կրթական, մշակութային, սոցիալական և այլ գործընթացներին, նաև հասարակության աջակցությունն այդ մասնակցության ապահովման գործում՝ ոչ միայն հարգելով բազմազանությունը, այլև խրախուսելով այն։

  • Կիսվել: