ՄԻՊ-ին դիմում-բողոքների թիվը մեկ տարում աճել է ավելի քան 3 հազարով
2026 թվականի առաջին կիսամյակում էական աճ է գրանցվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների տեսանկյունից:
Մասնավորապես, 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների, Պաշտպանի թեժ գծին ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև դրական լուծում ստացած գործերի թվերը։
2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել և սպասարկել է 9754 հեռախոսազանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3389-ով ավելի է։ Աճի միտումն ակնհայտ է նաև ամսական վիճակագրությամբ. եթե 2025 թվականի ապրիլին Պաշտպանի թեժ գիծն ստացել էր 1092 հեռախոսազանգ, ապա 2026 թվականի ապրիլին՝ 1705։ Նույն միտումը պահպանվել է նաև հունիսին. 2025 թվականի հունիսին ստացվել էր 1283 հեռախոսազանգ, իսկ 2026 թվականի հունիսին՝ 2183, ինչը գրեթե կրկնակի աճ է։
Ավելացել է նաև Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների թիվը. եթե 2025 թվականի առաջին կիսամյակում ստացվել էր 10 279 դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 13 467-ի։
Միաժամանակ զգալիորեն աճել է նաև դրական լուծում ստացած բողոքների թիվը. եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1047-ի, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճ է։
2026 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները ոչ թե պարզապես շարունակում են իրենց խնդիրների լուծման նպատակով դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, այլ նախկինի համեմատությամբ էականորեն ավելի հաճախ են դիմում ՄԻՊ հաստատությանը:
Միաժամանակ, դրական լուծում ստացած գործերի զգալի աճը փաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը շարունակում է նպաստել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր սահմանադրական առաքելությունը՝ ապահովելով իր մանդատի շրջանակներում յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։



