կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ՄԻՊ դիրքորոշումը՝ զինծառայողներին բնակարանային պայմանների բարելավման շահառու դիտարկելու համար գործող 30 կիլոմետրը 60 կիլոմետրով փոխարինելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝

ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը,

Նախագծով առաջարկվում է նաև վերը նշված հոդվածում կատարել լրացում և սահմանել, որ վարձակալության պայմանագրի պետական գրանցման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բյուջետային տարվա ընթացքում մեկ անգամ,

Նախագիծը խնդրահարույց է նաև այն առումով, որ դրան տրվում է հետադարձություն և պարունակում է զինծառայողների իրավական վիճակը վատթարացնող դրույթ:

Հարկ է նկատել, որ մինչև նշված Նախագծի շրջանառությունն էլ բնակարանային ապահովության հարցերի վերաբերյալ զինծառայողներից և նրանց ընտանիքների անդամներից Պաշտպանի աշխատակազմ պարբերաբար ստացվում են բողոքներ: Դրանց մանրամասն անդրադարձ է կատարվել Պաշտպանի տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ շրջանառվող Նախագիծն առավել է խորացրել գոյություն ունեցող մտահոգությունները:

  • Կիսվել: