երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Մի անհանգստացեք, բոլոր արժեքները պահպանված են. Կարեն Անդրեասյանը վստահեցրեց` Գրիգոր Մինասյանի հետ մտերմությունը շարունակվում է

Մի անհանգստացեք, բոլոր արժեքները պահպանված են. Կարեն Անդրեասյանը վստահեցրեց` Գրիգոր Մինասյանի հետ մտերմությունը շարունակվում է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեց` Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շարունակո՞ւմ է մնալ իր ընկերը, թե՞ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ընկերությունն էլ է վերջացել:

«Ձեզ միասին են պատկերացնում որպես համախոհներ, որպես արդարադատության մարտիկներ: Դուք էլ հիմա հայտարարում եք, թե ձեզ համար միևնույն է` ով կլինի Արդարադատության նախարար»,- ասաց Խամոյանը:

Կարեն Անդրեասյանն արձագանքեց. «ԲԴԽ-ի հմար այնքան միեւնույն է, թե ով կլինի արդարադատության նախարարը, որովհետեւ ցանկացած նախարարի հետ մենք ունենք սահմանադրական աշխատանքը, որը կանենք, արել ենք եւ կշարունակենք անել»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ ինքն է երաշխավորել, որ Գրիգոր Մինասյանը զբաղեցնի նախարարի պաշտոնը, Անդրեասյանն ասաց. «Ես որպես ԲԴԽ նախագահ ես որեւէ նախարարի համար որեւէ երաշխավորություն չեմ արել: Եթե հարցը վերաբերում է նրան, որ որպես նախարարի տեղակալ, երբ ես եղել եմ նախարար, ինչ եմ երաշխավորել, ում եմ ներկայացրել, կներեք, այս հարցերով շատ ենք հեռանում քննարկվող հարցից: Ինչ վերաբերում է իմ հիմնադրած ընկերության հետ շահերի բախմանը, նախ ասեմ, որ ես երբեք այդ ընկերության հիմնադիր չեմ եղել»:

Ագնեսա Խամոյանն ասաց. «Համատեղ ընկերությունը ձերը չի, ձեր կնոջինն է, ի՞նչ տարբերություն: Այսինքն դուք ԲԴԽ նախագահն եք, Գրիգոր Մինասյանը արդարադատության նախարարն էր, եւ դուք ունեիք համատեղ փաստաբանական ընկերությունը եւ դա նորմա՞լ է: Իսկապե՞ս, այդտեղ ոչ մի շահերի բախում չկա՞ր»:

Կարեն Անդրեասյանն էլ ասաց, թե այնքան այս հարցը շոշափեցիք, որ Գրիգոր Մինասյանը երեւի հոգնեց, զզվեց ու գնաց:

«Ի տարբերություն ոմանց` ինձ համար ընկերները երբեք չեն եղել պաշտոններով կամ քաղաքական հայացքներով: Երբ ես եւ Գրիգոր Մինասյանը ունեինք ծայրահեղ տարբեր քաղաքական դիրքորոշումներ, նույնիսկ այդ ժամանակ  մեր մակնության ընկերությանը վնաս չի եղել: Մի անհանգստացեք, բոլոր ընկներներն իրենց տեղում են, բոլոր արժեքները պահպանված են»,- վստահեցրեց Անդրեասյանը։

  • Կիսվել: