ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մեքենաների պահեստամասեր գողացողները շարունակում են «սև գործը». ՀՀ ոստիկանապետը դժգոհ է

Մեքենաների պահեստամասեր գողացողները շարունակում են «սև գործը». ՀՀ ոստիկանապետը դժգոհ է

Հայաստանում մեքենաների վրայից պահեստամասեր գողացողները շարունակում են մնալ անպատիժ։ Այդ մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ–ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։
Նա պատասխանեց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրանը Քեյանի այն դիտարկմանը, որ ավտոմեքենաների պահեստամասերի գողությունը մեծ չափերի է հասել, հատկապես «Մազդա» ու «Վոլտ» մակնիշների։
Արձագանքելով` Հովհաննիսյանը նշեց, որ տասնյակ խմբեր ունեն հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են անում։ Նրանց մասով ոստիկանությունը գործերը ներկայացնում է նախաքննական մարմին, սակայն տվյալ քաղաքացիները նորից շարունակում են իրենց «սև գործը»։
 
«Գիշեր–ցերեկ ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված իրականացնում է ծառայություն, դուրս ենք գալիս գիշերային ժամերին լրացուցիչ ծառայության։ Հայտնաբերված խմբեր տասնյակներով ունենք, որոնց մոտ անընդհատ կրկնվում է նույն գողությունը»,– հայտարարեց ոստիկանապետը։
ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ այս հարցով կա օրենսդրական նախաձեռնություն, որի համահեղինակը նաև ինքն է։
Նա նշեց, որ այս նախագիծը դրվել է արդեն շրջանառության մեջ ու շուտով ԱԺ–ում կքննարկվի։ Ըստ այդ նախագծի` տրանսպորտային միջոցներից կատարված գողությունները կդառնան ավելի որակյալ հանցակազմ, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ պայքարել այդ հանցագործության դեմ։

  • Կիսվել: