Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ընդունել է Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրեր Թավանիերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Արտակ Կիրակոսյանը և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության տնօրեն Գայանե Հովակիմյանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները, ինչպես նաև շեշտադրել քաղհասարակության կազմակերպությունների հետ համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Նիդերլանդների հելսինկյան կոմիետի աջակցությամբ Հայաստանում
իրականացվող ծրագրային համագործակցությունները, Հայաստանում քաղհասարակության կազմակերպությունների դերը, խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները և իրականացվող աշխատանքները։
Անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ վերապատրաստման դասընթացների, իրազեկման աշխատանքների, ուսումնաճանաչողական այցերի նշանակությանը և շարունակականության անհրաժեշտությանը։
Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:
Իրենց հերթին հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։
Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամություն են հայտնել։