Կաթողիկոսի գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Այս մասին տեղեկությունը հաստատում են Դատական դեպարտամենտից:
Դատավոր Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, ըստ որի՝ մինչև նախնական դատալսումներ նշանակելը դատավորն իրավասու է վիճարկելու դրա ընդդատությունը:
Ըստ օրենքի՝ ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում պետք է վերջնականապես լուծվի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:
Հիշեցնենք՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործը պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Ավելի վաղ գործը մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։
Հավելենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:



