ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Ի սկզբանե ասել ենք՝ մեղադրանքը շինծու էր, ու շարունակում է մնալ շինծու, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ. Միքայել Սրբազան

Ի սկզբանե ասել ենք՝ մեղադրանքը շինծու էր, ու շարունակում է մնալ շինծու, պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ. Միքայել Սրբազան

Ես պատրաստ եմ եղել ամենալավին էլ, ամենավատին էլ, ես ազատ եմ եղել մինչև այս ամենը, ազատ եմ եղել այդ ժամանակ, ազատ կլինեմ հետո։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, որով բեկանվեց իր նկատմամբ առաջին ատյանի որոշումը և այն ուղարկվեց նոր քննությանը։

Նա բավարար չհամարեց դատարանի որոշումը, քանի որ չարդարացվեց. «Ավելի լավ էր տնային կալանքը պահեր, ֆուտբոլ էի նայում գիշերը։ Հիմա չպիտի կարողանամ նայեմ»,– կատակով ասաց նա։

Միքայել Սրբազանը հայտարարեց, որ իր մեղադրանքն ի սկզբանե շինծու էր, այդպես էլ մնաց. «Կոչ արդեն որերորդ անգամ անում է կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասե՞լ եմ։ Ուրեմն նա պիտի դատվի, ես պիտի դատվե՞մ»։

Անդրադառնալով նրան, որ եկեղեցու դեմ արշավը շարունակվում է, Միքայել Սրբազանը համոզմունք հայտնեց, որ բոլոր փորձություններն էլ եկեղեցին կհաղթահարի. «Էդ ո՞ր փորձությունը չի հաղթահարել, որ սա չպիտի հաղթահարեր»։

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Վեհափառին կկալանավորի այս իշխանությունը, նա արձագանքեց. «Աստված մի արասցե, եթե նման բան տեղի ունեցավ, ամբողջ հայ ժողովուրդը պետք է վճարի դրա գինը, ինչպես 38 թվի դիմաց վճարեց հայ ժողովուրդը՝ 100 հազարավոր զոհերով, այնպես էլ դրանից հետո կվճարենք»։

Միայել Սրբազանը հայտարարեց, որ շարունակելու է քննադատել իշխանություններին. «Բա ի՞նչ պիտի անեմ, պիտի գլուխները շոյե՞մ։ Դե իմ գոյությունը արդեն իրենց գաղափարին վնաս է։

Հիմա պատրաստվում եմ գնալ Բագրատ Սրբազանին տեսնեմ։ Հետո պիտի գնամ Էջմիածին, Վեհափառին տեսնեմ, հետո պիտի գնամ տուն»։

Ինչ վերաբերում է դիրադավ եպիսկոպոսներին, Շիրակի թեմի առաջնորդը ասաց, որ եթե զղջան, վերադառնան, Պետրոսի նման լացեն, գուցե ներում ստանան. «Որոշողը Վեհափառն է, մենք չենք»։

Նա նաև նշեց, որ առողջական վիճակը լավ է։

Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել Սրբազանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն փոխանցեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Որոշման համաձայն, Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվեց, բացայակելու արգելքը թողնվեց անփոփոխ։ 

Հիշեցնենք, որ ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

Դատարանը մեղավոր է ճանաչել Միքայել Սրբազանին՝ դատապարտելով նրան 2 տարվա ազատազրկման։ 2026 թ. դատարանի փետրվարի 6-ի որոշմամբ Միքայել Սրբազանի կալանքը վերացվել էր, նրա նկատմամբ կիրառված է տնային կալանք։

Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ պաշտպանության, թե՛ մեղադրանքի կողմը։ Պաշտպանության կողմը պահանջել բեկանել առաջին ատյանի դատավճիռը և կայացնել արդարացման ակտ՝ ճանաչելով և հռչակելով Միքայել Սրբազանի անմեղությունը։ Մեղադրանքի կողմը պահանջել է մասամբ բեկանել դատական ակտը և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով։

  • Կիսվել: