ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՔԱՎ-ի ջանքերով վերականգնվել է բռնի տեղահանված անձի խախտված իրավունքը

ՀՔԱՎ-ի ջանքերով վերականգնվել է բռնի տեղահանված անձի խախտված իրավունքը

ՀՔԱՎ գրասենյակը 2023թ․-ից զբաղվում է Ադրբեջանի սանձազերծած  գործողությունների պատճառով բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությամբ։ 2025թ․-ի փետրվարին իրավունքների պաշտպանության նպատակով Կազմակերպություն է դիմել Լեռնային Ղարաբաղի քաղաքացի Ա․ Բ․-ն, ով 9 ամիս շարունակ չի կարողացել ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Վերջինս քաղաքացիություն ստանալու համար դիմել էր  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության «Վանաձոր-2» բաժին, որտեղ էլ Ծառայության աշխատակիցները հայտնել էին, որ քաղաքացիություն ստանալու համար Ա․Բ․-ն պետք է ներկայացնի ծնողների ամուսնության վկայականը։  

Վկայականը անհնար էր ներկայացնել, որովհետև ԼՂ քաղաքացու ծնողները ամուսնության պետական գրանցում չեն ունեցել, բայց 1982 թ-ից գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ։ Ծնողներն ապրել են Սումգայիթ քաղաքում, որտեղ էլ 1988թ․ ջարդերի ժամանակ զոհվել է Ա․Բ․-ի հայրը և վերջինս մոր հետ տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ։  

Փաստացի ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության Ծառայությունը ՀՀ քաղաքացիություն շնորհելու գործընթացում անձի համար առաջացրել է ոչ բարենպաստ փաստական հանգամանք, պահանջելով փաստաթուղթ, որը ոչ միայն գոյություն չունի, այլև պահանջելով քաղաքացուն գտնել այդ փաստաթուղթը։ ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին օրենքով ամրագրված է, որ «․․․ Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա մարմինը ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար»: 

Արդյունքում, արձանագրում ենք, որ Ա․Բ․-ն Ծառայությանը ներկայացրել է ՀՀ կառավարության 23.11.2007 թվականի «ՀՀ քաղաքացիություն ստանալու․․․» N 1390-Ն որոշման հավելված 2-ի 1-ին կետով սահմանված բոլոր փաստաթղթերը, իսկ վերջինիս ծնողների ամուսնության վկայականը որևէ իրավական հիմքով հաստատված չէ, չունի պետական գրանցում, հետևաբար այն ներկայացնելը անհնար է։ 

Ներկայացնելով վերոգրյալ հանգամանքները՝ ՀՔԱՎ գրասենյակը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին՝ լուծելու Ա․ Բ․-ի քաղաքացիություն ստանալու հարցը։ Կազմակերպության դիմումին ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ն գրությամբ տեղեկացրել է, որ քաղաքացիության ստացման գործընթացը արդեն սկսված է։

 

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է տրամադրել անվճար իրավաբանական աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց։ Աջակցության համար կարող եք զանգահարել` 

094042268

094962324

011242268

077342268։

  • Կիսվել: