ՀՀ–ում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունը սարսափելի վիճակում է. ԱԺ պատգամավորը կոնկրետ դեպք է մատնանշել
Լրատվականներից մեկը հայտնում է, որ Երևանյան ռեստորաններից մեկի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում։ Հրավիրում եմ բոլոր պատկան մարմինների ուշադրությունը այս դեպքին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե սա իրականություն է, ապա այդ քայլը պետք է ունենա հստակ քրեաիրավական հետևանք։
Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է, իսկ այս դեպքը ահազանգ է ոլորտի բարձիթողության վերաբերյալ։
Եթե պետական մարմիններն ու իշխանական թերթերը լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում ԱԺ միջանցքներից, օդանավակայանից, քաղաքացիների տան սանհանգույցներից, երևի մյուսներն էլ մտածում են, ինչի իրենք էլ չեն կարող իրենց միջոցներով տեսանկարահանել մարդկանց ու օգտագործել այդ նյութերն ինչպես կցանկանան։
Առանց չափազանցության սա հանրային անվտանգության հարց է, թիրախում էլի կանանց մի շարք իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական դեպքն է։
Ներքին գործերի նախարարություն, Արդարադատության նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Քննչական կոմիտե, Դատախազություն դուք պարտավոր եք արձագանքել այս դեպքին»։


