ՀՀ ԱԱԾ-ն հաստատել է ռուս սահմանապահների գործողությունների օրինականությունը
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաստատել է ռուս սահմանապահների գործողությունների օրինականությունը։ Այս մասին հայտնի է դարձել NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի ծառայությունից ստացված պարզաբանումից։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե իբր ռուս սահմանապահներն ապօրինի գործողություններ են թույլ տվել մի խումբ քաղաքացիների նկատմամբ՝ արգելելով նրանց մուտք գործել Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղ։ Ֆեյսբուքյան հրապարակումների համաձայն՝ հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների նախօրեին սահմանապահները «հակաօրինական կերպով» թույլ չէին տվել եվրոպական երկրների մի խումբ ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների մուտք գործել գյուղ։ Արգելքի պատճառ էր հանդիսացել տեղի հաշվառում կամ համապատասխան անցագիր չունենալը։
ՀՀ ԱԱԾ-ից այսպես են մեկնաբանել տեղի ունեցածը․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված Ձեր՝ 10.06.2026թ. հարցման 1-ին պարբերությամբ հայցվող տեղեկատվության կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի № 735-Ն որոշման համաձայն՝ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքը սահմանային շերտ իրականացվում է անհատական կամ խմբային անցագրերով՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Նույն որոշմամբ սահմանված է նաև սահմանային շերտ մուտքի թույլտվության և անցագրեր ստանալու կարգը»։


